Աֆթաները բերանի լորձաթաղանթի փոքր խոցեր են։ Աֆթաները սովորաբար ախտահարում են լորձաթաղանթը, բայց ոչ դրա տակ գտնվող ոսկորը։ Դրանք կարող են լինել կլոր կամ օվալաձև և կարող են առաջանալ բերանում գրեթե ցանկացած տեղ` շրթունքների ներսի հատվածում, քիմքին կամ լեզվի վրա և դրա շուրջը: Նրանք ունեն կարմիր, բորբոքված եզրագծեր։ Չնայած փոքր չափերին՝ դրանք կարող են շատ ցավոտ լինել և անհարմարություններ առաջացնել առօրյա կյանքում:

Աֆթաները սովորաբար սկսում են զարգանալ որոշակի հատվածների կարմրությամբ։ Այնուհետև նրանք վերածվում են խոցերի, որոնք պատված են բաց մոխրագույն թաղանթով՝ շրջապատված կարմրավուն «եզրագծով»։ Աֆթաները շատ անհատական են, տարբերվում են՝ ըստ չափսի, քանակի և տեղակայման վայրի: Բուժման ժամանակահատվածը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, իսկ խոցերի կրկնման դեպքերի միջև ընկած ժամանակահատվածը կարող է տևել օրերից մինչև ամիսներ, սովորաբար աֆթաները տևում են 4-7 օր և կրկնվում են տարեկան 2-6 անգամ: Աֆթաների առաջացման պատճառն անհայտ է։ Այնուամենայնիվ, եթե աֆթաները տևում են ավելի երկար, քան տասը օր կամ սկսում են ախտահարել ավելի մեծ տարածություն, ապա պետք է դիմել ատամնաբույժի կամ բժշկի: Աֆթաները կարող են լինել առողջության այլ լուրջ խնդիրների ախտանիշ: Կրկնվող աֆթաներ ունեցող մարդկանց մոտավորապես 40%-ի մոտ աֆթաներ դիտվում են նաև ընտանիքի անդամների մոտ։ Դա նշանակում է, որ որոշ մարդիկ ունեն գենետիկ հակվածություն։ Բացի դրանից, կան աֆթաների զարգացման մի քանի ռիսկային գործոններ, և դրանցից շատերը կապված են սթրեսի հետ: Տեղային տրավմաները նույնպես հանգեցնում են աֆթաների առաջացման։ Այն կարող է առաջանալ ատամնաբուժական միջամտության արդյունքում, սուր մակերեսի պատճառով, ինչպես օրինակ՝ կոտրված ատամի դեպքում կամ ատամները չափազանց կոպիտ խոզանակելու հետևանքով։